Նորություններ / ՀԱՄ պարզաբանումը Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ

ՀԱՄ պարզաբանումը Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ

Առողջության համապարփակ ապահովագրությունը չի կարող համարվել ապահովագրական մոդել

Հայաստանի ապահովագրողների միությունը պարզաբանում է․ ներկայումս ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) կողմից շրջանառվում է առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) մոդել, որը հիմնված չէ ապահովագրական համակարգի գործունեության առանցքային սկզբունքների վրա, ուստի չի կարող համարվել ապահովագրական գործունեություն։ Մասնավորապես՝

  1. ՀՀ-ում ապահովագրական գործունեությունը ենթակա է լիցենզավորման ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից, սակայն նախարարության առաջարկած մոդելի դեպքում ԱՀԱ համակարգի ներքո ծառայությունների մատուցումն իրականացնելու է Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամը, որը չի լիցենզավորվելու ՀՀ ԿԲ կողմից և ենթակա չի լինելու վերջինիս կարգավորմանը և վերահսկողությանը;

  2. ապահովագրական գործունեությունը ենթադրում է ընկերության կողմից ռիսկի ստանձնում սեփական կապիտալի հաշվին։ Ներկայումս ՀՀ-ում ապահովագրական ծառայություններ մատուցում են ԿԲ կողմից լիցենզավորված 7 մասնավոր և 1 պետական ապահովագրական ընկերություններ։ Գործող 7 մասնավոր ապահովագրական ընկերությունները միասին տնօրինում են 30 մլրդ ՀՀ դրամի չափով կապիտալից և սեփական ու հավաքագրված միջոցներից ձևավորված տեխնիկական պահուստներ, որով պատասխանատվություն են կրում իրենց ստանձնած պարտավորությունների համար;

  3. ապահովագրական ընկերությունների գործունեությունը կարգավորվում և վերահսկվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 54-րդ գլխի դրույթներով, հարակից օրենքներով, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից սահմանված խիստ իրավական և նորմատիվային կանոնակարգմամբ, իսկ նրանց գործունեության անընդհատությունը երաշխավորված է Կենտրոնական բանկի կողմից սահմանված սահմանաչափերին համապատասխան կապիտալի առկայությամբ և ենթակա է վերահսկողության ամենամսյա կտրվածքով;

  4. վերջին ամիսներին առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ Հայաստանի ապահովագրողների միության մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում ԱՆ կողմից ապահովագրական ընկերություններին առաջարկ է ներկայացվել հասարակությանը մատուցել ապահովագրական ծածկույթ, որը կներառի ԱՀԱ մեջ չընդգրկված՝ լրացուցիչ և բացառություն համարվող առողջապահական ծառայությունները, օրինակ՝ ատամնաբուժական ծառայությունները և պալիատիվ խնամքը։ Հայաստանի ապահովագրողների միությունը տեղեկացնում է, որ նման մոտեցումը չի կարող համարվել պետական-մասնավոր համագործակցություն և ընդունելի լինել ապահովագրական ընկերությունների համար, քանի որ այս դեպքում ևս խաթարվում են ապահովագրության հիմնարար սկզբունքները։

Որպես ամփոփում՝ ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀՀ ԱՆ կողմից առաջարկվող մոդելը պետական սոցիալական ապահովություն է, որի փոքր ծավալով օրինակը ներկայումս գործող պետական պատվերի մեխանիզմն է և որը սկզբունքորեն տարբեր է ապահովագրական գործունեությունից ու հիմնված չէ ապահովագրական գործունեության սկզբունքների, ինչպես նաև ապահովագրական գործունեությունը կարգավորող իրավական և վերահսկողության առկա մեխանիզմների վրա, ուստի ապահովագրություն համարվել չի կարող։

Վերջին նորությունները